Բաժին. Տնտեսական

Ի՞նչ է Հայաստանն արտահանում

Մեր երկրի արտահանման ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ խիստ կենտրոնացվածությունը:

Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 129.71 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է (26.5%, 300.24 մլն ԱՄՆ դոլար):

Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 21.5% (242.5 մլն ԱՄՆ դոլար), իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը` մոտ 21% (236.5 մլն ԱՄՆ դոլար): Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12.3% (139.1 մլն ԱՄՆ դոլար):

Մյուս ապրանքախմբերից յուրաքանչյուրի արտահանման ծավալը չի գերազանցել 65 մլն ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 20 խումբ ապրանքատեսակ:

Share