Բաժին. Տնտեսական

Գյուղնախարարն ընդունել է IDeA հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին` համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով:

Շնորհավորելով Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները նախարարին համառոտ ներկայացրել են ընթացիկ ծրագրերը` շեշտելով, որ գյուղատնտեսության բնագավառը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է:

Նրանք նշել են, որ IDeA հիմնադրամը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ակնկալում է համագործակցություն ոլորտի տարբեր ճյուղերում` որպես հնարավոր ուղիներ մատնանշելով, մասնավորապես, մանր և փոքր ձեռնարկատերերին աջակցելու նպատակով մարզերում որակյալ գինու և օղու արտադրության կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, անտառային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ կառավարումը և այլն:

Ընդգծելով, որ այսօր Հայաստանում խիստ կարևոր է էկոտուրիզմի զարգացումը, ինչպես նաև խաղողագործական և գինեգործական հնագույն ավանդույթների պահպանումը, զարգացումն ու տարածումը` հիմնադրամի ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ուժերով և ստույգ նախանշված թիրախային ծրագրերի միջոցով հնարավոր կլինի երկրում շոշափելի արդյունքների հասնել թե’ տուրիզմի, թե’ ալկոհոլային խմիչքների արտադրության զարգացման հարցում, ինչպես նաև նպաստել այս բնագավառում սննդամթերքի անվտանգության ապահովմանը:

Կողմերը համակարծիք էին, որ հատկապես գինեգործության ոլորտում այսօր խիստ արդիական  է ստանդարտացման համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է գինեգործության և խաղողագործության ոլորտում մշակել և իրականացնել պիլոտային ծրագիր` միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ:

Share