Բաժին. Տնտեսական

Եվրոպական միայն մեկ երկիր չունի տնտեսական կախվածություն իր մայրաքաղաքից

Տնտեսական հետազոտությունների Քյոլնի ինստիտուտը հրապարակել է հետաքրքիր զեկույց այն մասին, թե եվրոպական որ երկիրը ինչ տնտեսական կախվածություն ունի իր մայրաքաղաքից:

Պարզվում է՝ եվրոպական մի շարք երկրներ լուրջ ֆինանսատնտեսական կախվածություն ունեն իրենց մայրաքաղաքներից, իսկ օրինակ, Գերմանիան, ընդհակառակը, չունի տնտեսական կախվածություն մայրաքաղաք Բեռլինից: Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն ունեցող Գերմանիայում, առանց Բեռլինի տնտեսական մասնակցության, միջին վիճակագրական քաղաքացին կլինի 0.2%-ով ավելի հարուստ, քան հիմա, երբ Բեռլինի տնտեսական աջակցման նպատակով Գերմանիան ծախսում է զգալի ֆինանսական միջոցներ:

Ըստ զեկույցի՝ առանց Լոնդոնի տնտեսական մասնակցության Մեծ Բրիտանիան կլինի 11%-ով ավելի աղքատ (երկրի մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կնվազի 11%-ով): Միևնույն ժամանակ, մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի մասով Ֆրանսիան, առանց Փարիզի, կկորցնի 15%: Աթենքի տնտեսական ազդեցությունը երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի մասով գնահատվել է 20%:

Թե որքան են մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով կորցնում (Գերմանիայի դեպքում՝ շահում) եվրոպական մի շարք երկրներն՝ առանց իրենց մայրաքաղաքների, ներկայացնում ենք ստորև.

Գերմանիան առանց Բեռլինի՝ +0.2%

Իտալիան առանց Հռոմի՝ -2.1%

Նիդերլանդներն առանց Ամստերդամի՝ -4.8%

Իսպանիան առանց Մադրիդի՝ -6%

Ավստրիան առանց Վիեննայի՝ -6.1%

Բելգիան առանց Բրյուսելի՝ -8.7%

Լեհաստանն առանց Վարշավայի՝ -9.6%

Մեծ Բրիտանիան առանց Լոնդոնի՝ -11.2%

Շվեդիան առանց Ստոկհոլմի՝ -11.7%

Ֆինլանդիան առանց Հելսինկիի՝ -12.9%

Դանիան առանց Կոպենհագենի՝ -13.3%

Պորտուգալիան առանց Լիսբոնի՝ -13.7%

Չեխիան առանց Պրահայի՝ -14.2%

Ֆրանսիան առանց Փարիզի՝ -15%

Հունաստանն առանց Աթենքի՝ -19.9%

Share