Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության նախարարություն. հանդիպում մեղվաբույծների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում մեղվաբուծությամբ զբաղվող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ մեղվաբույծների մասնակցությամբ` հանրապետությունում արտադրվող մեղրի և մեղրամթերքի արտահանմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Քննարկումը  վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Հանրապետական անասնաբուժասաանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, Ավստրիայի զարգացման գործակալության Փոքր ֆերմերային աջակցության համակարգող Հասմիկ Ալթունյանը, «Երևանի ապրանքա-հումքային բորսայի» նախագահ Գրիգոր Վարդիկյանը, Էկոգլոբ հասարակական կազմակերպության նախագահ Նունե Դարբինյանը և այլք:

«Այսօր մենք կազմակերպել ենք  այս հանդիպումը ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որպեսզի ներկայացնենք արտահանման գործող ընթացակարգերը,  անհրաժեշտության դեպքում պատասխանատուների կողմից տեղում պարզաբանումներ տրվեն առկա հարցադրումներին` նպատակ ունենալով  զարգացնել մեր երկրի գյուղատնտեսության համար կարևոր նշանակություն և արտահանման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը` մեղվաբուծությունը»,- նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ ոլորտում խնդիրները շատ են, սակայն առավել արդիական է որակի և գնի հարցերի կարգավորումը, որպեզի հայ մեղվաբույծները կարողանան ստանալ արտադրանք, որը մրցունակ կլինի արտահանման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել և պարզաբանումներ են տրվել մի շարք հարցերի, որոնք առնչվում էին  ԵՄ ստանդարտներին համապատասխան լաբորատոր փորձաքննություն անցկացնելուն և սերտիֆիկատների տրամադրմանը, գնացուցակին, մատուցվող ծառայությունների որակին, հանրապետությունում արտադրվող մեղրի ինքնարժեքին և այլն:

Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Հասմիկ Ալթունյանը տեղեկացրել  է մեղվաբույծներին, որ  մեկնարկել է Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը,  որին այս անգամ  կարող են դիմել նաև մեղվաբուծական արտադրանքի արտադրությամբ և վերամշակմամբ  զբաղվող փոքր ֆերմերները: Պարտադիր պայման է, որպեսզի արտադրանքն անցած լինի օրգանական սերտիֆիկացում, կամ հայտատուները առնվազն պետք է սկսած լինեն այդ գործընթացը: Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս.թ հոկտեմբերի 24-ը:  

«Երևանի ապրանքա-հումքային բորսայի» նախագահն իր հերթին նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել հայ մեղվաբույծներին արտադրանքի արտահանումը կազմակերպելու հարցում, ապրանքի ներկայացումն անվճար է և այն նաև որպես գովազդ կծառայի, եթե անգամ գնման գործարք տեղի չունենա:

Share