Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանն անդրադարձավ ԴԱՀԿ-ից բողոքներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքից առկա դժգոհություններին: «Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ ծառայության գործունեությունից: Դրանք, մասնավորապես, առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում: Հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները», – ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն տրամադրել, թե որ մարմիններն են  ներկայացնում կատարման ակտեր՝ չպահպանելով պահանջները:

Երրորդ հանձնարարականով վարչապետը պահանջեց մեկամսյա ժամկետում  ներկայացնել հարկադիր կատարողի կողմից պարտապաններին՝ վերջինիս գույքին արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների ներդրման առաջարկություն, օրինակ՝ էլփոստի կամ sms-ի միջոցով:

Share