Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ հստակ առաջարկներ չենք ստացել

Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչո՞ւ կառավարության ծրագրում արտացոլված չէ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը:

«Դուք «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկ տեսե՞լ եք: Չկա նման առաջարկ, ինչի շուրջ մենք նստենք բանակցենք: Ծրագրում գրեի՞նք, որ պատրաստ ենք բանակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ գործարանի վերագործարկման վերաբերյալ կան ընդամենը ցանկություններ, սակայն որևէ հստակ առաջարկ չի արվել, ինչի շուրջ կառավարությունը կարող է բանակցություններ սկսել:

Share