Բաժին. Տնտեսական

Հայկական լավագույն արտադրատեսակները ներկայացվել են «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, ԼՂՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություններ:

Նրանք ներկայացրել են պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները` մսամթերք և կաթնամթերք, ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, չոր մրգեր, սուրճ, սննդի անվտանգությունը և որակը ստուգելու համար նախատեսված սարքավորումներ և այլն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ գյուղացին չի հայտնվի ծանր վիճակում, եթե ագրոտեխնիկական միջոցառումներն իրականացվեն ճիշտ ժամանակին:

«Սերմը պետք է լինի որակյալ, մեխանիզացիան և մշակումը՝ բարձրակարգ, հողերի պարարտացումը շատ կարևոր է, բույսերի բուժումը` նույնպես: Եթե այս ամենը չես անում, բնությունն էլ իր վնասն է հասցնում, բնականաբար, գյուղացին հայտնվում է ծանր վիճակում»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացմանը` նա նշեց, որ անհրաժեշտ է ոլորտում ավելացնել բիզնես ներդրումները:

«Պետք է այն դարձնել ինդուստրիալ, այսինքն՝ բերել գործարարներ, որոնք պատրաստ են խոշոր հողատարածքներ մշակել, զարգացնել․ որքան բարձրանա գյուղմթերքի արտադրման արժեքը, այնքան մենք կկարողանանք պետության կողմից սուբսիդավորել թույլ կողմերը, զարգացող ճյուղերը: Եթե չենք կարողանում տալ նոր արտադրանք, ապա չենք կարողանում ավելացնել սուբսիդավորման ծավալները», – ընդգծեց նա` հավաստիացնելով, որ կան գործարարներ, ովքեր պատրաստ են նման ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այժմ աշխատանք է տարվում մարզպետների հետ յուրաքանչյուր մարզում ներդրումներ կատարելու պոտենցիալ ուղղությունները ներկայացնելու համար:

«Դրան կտանք բիզնես-նախագծի տեսք՝ իր հաշվարկներով և կփնտրենք ներդրողներ, ովքեր փաստացի կտեսնեն, թե ինչ են անելու Հայաստանում», – եզրափակեց Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ բոլորի մարզերի համար սահմանված է վերջնաժամկետ. մինչև տարեվերջ յուրաքանչյուր մարզ պետք է ներկայացնի առնվազն մեկ ծրագիր:

Share