Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանի հանձնարարականները նախարարություններին և գերատեսչություններին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձևակերպվել են համապատասխան հանձնարարականներով:

ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝

– Ներկայացնել մինչև ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման և գնումների վերաբերյալ:

– Տալ առաջարկություններ, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն:

– Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին և գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով և համապատասխան միջոցառումներով:

– Վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը և ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:

– Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատև զարգացման ծրագրերի վերաբերյալ:

– Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը:

– Տալ առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձևակերպել, նպատակահարմարության դեպքում տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ:

– Հասարակությանը և հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում:

– Յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաև՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ և այլն:

– Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև:

– Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի և նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն և որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը:

Share