Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյանի հանձնարարականը ՀՀ մարզպետներին՝ յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիր

Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ մարզպետներին.

– Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը:

– Համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական:

– Բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ:

– Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով:

– Գյուղատնտեսության, Կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով:

– Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ:

– Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն:

Վարչապետը հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ: «Մենք հստակ, յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամանակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից:

Share