Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. կառավարությունը գազի սակագնի նվազման համար որևէ սուբսիդավորում չի իրականացնելու

ՀՀ կառավարությունը որևէ կերպ պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Որո՞նք են այս գումարների աղբյուրները: Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և այնտեղ կան ակնկալիքներ , որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը, երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազմանն արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն կանի օպտիմալացում, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա: Շատ պարզ հասկանալի չորս գործոն է, թե որտեղից են լինելու սակագնի իջեցման աղբյուրները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

«Բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու, ոչ ստվերային կերպով, ոչ ուղիղ և ոչ մի ձև: Սակագները հետևյալն են լինելու. 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257,56  դոլարին համարժեք դրամը պետք է դարձել 242,1 դոլարին համարժեք դրամ: Եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա», ապա ավելի գազի համար իր սակագինը կդառնա 212 դոլարին համարժեք դրամ: Խոսքն ինչի մասին է՝ «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա: Եվ բիզնեսը հնարավորություն ունի ակտիվ աշխատել ինքնարժեքի վրա՝ շուկայի մեծացման հաշվին, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ 10 հազար խմ-ից պակաս գազ օգտագործող բնակչության համար սակագինը 146,7 դրամից կդառնա 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

Կարեն Կարապետյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարեց «Գազպրոմ Արմենիա»-ի հետ մինչև հունվարի մեկն առավելագույնը հասկանալ սոցիալապես անապահովների ցանկը, որպեսզի փոփոխությունն ավելի հասցեական լինի:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, ապա վարչապետը նշեց, որ նրանց համար գազի սակագինը 257.56 դոլարի համարժեք դրամից դառնալու է 212 դոլարին համարժեք դրամ, այսինքն, սակագինը նվազելու է 45 դոլարից ավելի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդյունքում ակնկալվում է, որ օգտվելով այս հնարավորությունից, նրանք կկարողանան ընդլայնվել:

Share