Բաժին. Տնտեսական

Վարդան Հարությունյանը խոստանում է կարճ ժամանակում բացահայտել ստվերը և պայքարել դրա դեմ

Հայյաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը շատ լավ պատկերացնում է բիզնեսի ունեցած խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ պայքարելու է, որպեսզի բիզնեսի համար դաշտը բացվի: «Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ:  25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ, այն էլ՝ խոշոր բիզնեսի, և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմներն ու այն խնդիրները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտը ավելի բացվի: Այնպես որ, քայլերը կանենք, կտեսնեք: Պայքարելու եմ ստվերի դեմ, կպայքարեմ, կտեսնեք: Կամ պիտի պայքարենք, կամ պիտի չպայքարենք: Ես միտված եմ պայքարելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Հարցին՝ կարողանալո՞ւ են օլիգարխներին ստիպել պարտաճանաչ կերպով վճարել հարկերը, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այո, կարողանալու ենք»: Իսկ հարցին ինչպե՞ս են պայքարելու նույն այդ օլիգարխների դեմ, Վարդան Հարությունյանը կարճ պատասխանեց. «Պայքարելու ենք պայքարելով: Պայքարի տարբեր ձևեր կան, կպայքարենք, դուք կտեսնեք»:

Նա հավելեց, որ յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում պետք է ուսումնասիրություններ կատարի, մուտքագրի, հասկանա և ներկայացնի: «Եթե կա ստվեր, ես դրա տեղը պետք է իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար: Այդ կարճ ժամանակից հետո, երբ պարզ կլինեն ուսումնասիրությունների արդյունքները, պետք է լուրջ պայքար մղել ստվերի դեմ»,- ընդգծեց Հարությունյանը:

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև իր ղեկավարած կառույցում մեկնարկած կադրային փոփոխություններին: «Պետական եկամուտների կոմիտեն համալրվում է պրոֆեսիոնալ կադրերով: Այն մարդիկ, ովքեր իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշանակ լքելու են կառույցը: Հասկացեք, որ իրավիճակ է փոխվել: Խաղի կանոն է փոխվել և այդ կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ կանոնները և պետք է աշխատեմ իմ թիմի հետ այդ կանոնով»,- հավելեց Վարդան Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ-ը պետության ներկայացուցիչն է յուրաքանչյուր բիզնեսի մեջ՝ հարկերի տեսքով: «Պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բացված բիզնեսում, և այդ բիզնեսում բացված փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են։ Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք այդ բիզնեսի զարգացմանը։ Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև այդ բիզնեսմենների դեմ»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը։

Share