Բաժին. Տնտեսական

«Թոշակի հույսին». Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ կեսի համար եկամտի հիմնական աղբյուրը թոշակն է

Եթե Հայաստանում դադարեցվի սոցիալական տրանսֆերտների՝ կենսաթոշակների և դրամական սոցիալական աջակցության վճարումը, ապա մեր երկրում աղքատության մակարդակը 29.8%-ից կբարձրանա 43.7%-ի, ծայրահեղ աղքատության մակարդակը 2.0%-ից կբարձրանա 18.2%-ի: Այս մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակած՝ Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության վերաբերյալ նոր զեկույցը:

Ըստ զեկույցի՝ 2015 թվականին Հայաստանում սոցիալական նպաստների և կենսաթոշակների համար երկրի պետական բյուջեից հատկացվել է 391.0 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 7.8%-ը:

Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին ցուցանիշը կազմել էր 207.9 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 5.8 %-ը, 2013 թվականին՝ 294.9 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 6.5%-ը, իսկ 2014 թվականին` 347.7 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 7.2%-ը:

Ամենամեծ սոցիալական տրանսֆերտները կազմել են կենսաթոշակները, որոնք ներառում են տարիքային, զինվորական և սոցիալական կենսաթոշակները:

2015 թվականին սոցիալական տրանսֆերտները կազմել են Հայաստանի տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով ամսական ամբողջական եկամտի 16.7%-ը (2008 թվականին ցուցանիշը կազմել էր 16.5%, 2013թ.-ին` 16.6%, իսկ 2014թ.-ին` 15.8%):

Ըստ բնակավայրերի դիտարկելիս` սոցիալական տրանսֆերտները եկամտի կարևոր աղբյուր են եղել հիմնականում Երևանից դուրս քաղաքաբնակ տնային տնտեսությունների համար՝ 17.4%, իսկ երևանաբնակների և գյուղաբնակների համար սոցիալական տրանսֆերտները կազմել են միջին ամսական եկամտի 14.2%-ը և 13.3%-ը:

2015թ.-ին տնային տնտեսությունների 13.5%-ը որպես եկամտի աղբուր նշել է ընտանեկան նպաստի ծրագրի միջոցով կատարվող դրամական փոխանցումները, կենսաթոշակները՝ 54.0%-ը, երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները՝ 1.7%-ը, և այլ նպաստները` ներառյալ արտոնությունները՝ 2.1%-ը:

Share