Բաժին. Տնտեսական

5 տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 185 նոր հյուրանոց և հյուրանոցային տնտեսություն

Վերջին շուրջ 5 տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 185 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտ, մասնավորապես՝ հյուրանոց, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, հանգստյան տուն և այլն:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նոր տվյալները՝ 2015 թվականին մեր երկրում գործել է 523 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 338, 2012 թվականին՝ 377, 2013 թվականին՝ 387, իսկ 2014 թվականին՝ 399:

Հարկ է նշել, որ առավել մեծ թվով հյուրանոցային տնտեսության օբյեկտներ գործում են Երևանում: 2015 թվականին մայրաքաղաքում հյուրանոցային օբյեկտների թիվը կազմել է 296: Միևնույն ժամանակ, հյուրանոցային տնտեսությունների առումով համեմատաբար ակտիվ են Կոտայքի մարզը՝ 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, Տավուշի մարզը՝ 48 հյուրանոցային տնտեսության օբյեկտ:

2015 թվականի արդյունքներով մեր երկրում հյուրանոցային տնտեսություններում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 4920 մարդ, իսկ հյուրանոցային տնտեսությունների տարեկան հասույթը՝ 33,95 մլրդ ՀՀ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր  22,79 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2013 թվականին՝ 19,66 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բիզնես 24»-ը հրապարակել էր Հայաստանի հյուրանոցների վարկանիշը:

Share