Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչության միայն 15%-ն է գոհ իր բնակարանային պայմաններից

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում տնային տնտեսությունների բնակարանային պայմանների վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մեր երկրում առկա ընդհանուր բնակարանային խնդիրների վերաբերյալ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանում տնային տնտեսությունների գերակշիռ մասը (շուրջ 91%-ը) հանդիսանում է իր կացարանի սեփականատերը: Քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունները գլխավորապես բնակվում են բազմաբնակարան շենքերում` 72.0%, իսկ գյուղական բնակավայրերում գերակշռում են առանձնատները` 91.3%:

Հայաստանում առկա բնակարանային ամենալուրջ խնդիրը կացարանների ծանրաբեռնվածությունն է: 2015թ.-ի հետազոտության տվյալներով՝ մեր երկրում մեկ սենյականոց բնակարանների ծանրաբեռնվածությունը կազմել է 2.04 մարդ: 1000 տնային տնտեսությունից 558 տնային տնտեսությունում (2008թ.-ի` 877-ի և 2014թ.-ի`623-ի համեմատ) մեկ սենյականոց բնակարաններում գրանցվել է 2 և ավելի առկա մարդ: Ինչպես փաստում են պաշտոնական տվյալները՝ կացարանների ծանրաբեռնվածությունը կախված է աղքատության մակարդակից:

Հարկ է նշել, որ հետազոտության արդյունքում ստացվել են նաև տնային տնտեսությունների սուբյեկտիվ գնահատականներն իրենց բնակարանային պայմանների վերաբերյալ: Այսպես, 2015թ.-ին տնային տնտեսությունների մեծ մասի`63.8%-ի գնահատմամբ իրենց բնակարանային պայմանները բավարար են (2008թ.-ի 60.2%-ի և 2014թ.-ի` 60.1%-ի, դիմաց): Տնային տնտեսությունների 17.4%-ն իր բնակարանային պայմանները գնահատել է վատ, իսկ 3.4%-ը` շատ վատ: Միայն 15.4%-ն է իր բնակարանային պայմաններին տվել լավ կամ շատ լավ գնահատական (2008թ.-ի 12.2%-ի և 2014թ.-ի`17.6%-ի դիմաց):

2015թ.-ին տնային տնտեսությունների միայն 2.8%-ը կամ 22.1 հազարն է կարողացել վերանորոգել իր կացարանը վերջին մեկ տարվա ընթացքում, ընդ որում նրանց գերակշռող մասը` 85.2%-ը, եղել են ոչ աղքատ տնային տնտեսությունները, մինչդեռ աղքատ տնային տնտեսությունները կազմել են 14.8%, իսկ ծայրահեղ աղքատներից և ոչ մեկը չի կարողացել վերանորոգել իր կացարանը:

Share