Բաժին. Տնտեսական

Հայաստանում «գրանցված» միջին աշխատավարձը 185 հազար դրամ է

Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 185.68 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական համակարգում աշխատողների միջին աշխատավարձը 159.79 հազար ՀՀ դրամ է, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը՝ 219.89 հազար ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.4%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 1%-ով, իսկ մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է մոտ 5.2% աճ:

Նշենք նաև, որ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Share