Բաժին. Տնտեսական

Հայկ Հարությունյան. միջազգային ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում քամու կայանների շինարարությամբ

Մի շարք միջազգային ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում քամու կայանների շինարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Հողմաէներգետիկայի ոլորտում ակտիվ քարոզում ենք, ներդրողներին հրավիրում ենք, խրախուսում ենք և կարծես մեր ազդակները տեղ են հասնում: Հողմաէներգետիկայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ընկերությունները երկու տարի ռեսուրսի չափման գործընթաց են իրականացնում: Այսօր լեհական ընկերությունը սկսել է չափումների գործընթացը, Սիսիանում տեղադրել է չափիչ սարք, որպեսզի հասկանա, թե ինչ հզորությամբ կայան կարող է կառուցել: Վերջերս բանակցեցինք իրանական ընկերության հետ, որպեսզի նույնպես գան և չափումներ իրականացնեն: Նախատեսվում  է 50 ՄՎտ հզորությամբ հողմակայանի կառուցում»,-ասաց Հայկ Հարությունյանը` ընդգծելով, որ Հայաստանի բարձր լեռնային գոտիներում քամու բավական լավ ռեսուրս կա:

Նախարարի տեղակալը նշեց, որ հողմաէներգետիկայի ոլորտում բանակցություններ են տարվում իսպանական, վրացական, չինական, իտալական ընկերությունների հետ:

Share