Բաժին. Տնտեսական

Հայաստանում ադամանդագործական ամենախոշոր «Շողակն» ընկերությունը վերսկսում է իր գործունեությունը

Հետխորհրդային տարածքում ադամանդի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը` «Շողակն»-ը, կվերականգնի իր երբեմնի փառքը: Երկար տարիների դադարից հետո այն կվերսկսի իր գործունեությունը: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարարի հետ ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասաց «Շողակն» ընկերության տնօրեն Սիմոն Ալանակյանը:

Նրա խոսքով` ընկերության վերագործարկման հետ կապված՝ մեծ աջակցություն է ցուցաբերվում նախարարության կողմից: «Հայաստանը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որոնք ադամանդ մշակել գիտեն: Մենք պատրաստ ենք զարգացնելու ոլորտը: Ընկերությունը ադամանդի բնական հումք մշակող և պատրաստի արտադրանքը գնահատող 30 բարձրակարգ մասնագետներ է վերապատրաստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Ալանակյանը նշեց, որ ոլորտում հիմնական խնդիրը թղթաբանության հետ կապված բյուրոկրատական քաշքշուկներն են:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախարարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկել է թղթաբանական քաշքշուկները վերացնելու ուղղությամբ: «Այդ ավելորդ գործընթացները կվերացվեն: Ամեն ինչ կլինի շատ կարճ, հեշտ եւ պարզ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի վերականգնելու ադամանդագործության եւ ոսկերչություն ոլորտում երբեմնի փառքը:

Կարայանը նշեց, որ պետք է հնարավորինս օգտագործել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին  անդամակցության պոտենցիալը: «Մենք աշխատանքներ են տանում շուկան ոսկերչության համար ամբողջապես ազատականացնելու ուղղությամբ»,-հավելեց նախարարը:

«Շողակն»  ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը 2000-ականների վերջին` ադամանդագործության ոլորտում սկսված  ճգնաժամի պատճառով:

Share