Բաժին. Տնտեսական

«ՎիմպելԿոմ»-ը հիմնովին վերափոխում է իր բիզնեսը Հայաստանում

Վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների շարունակական զարգացումն ու ընդլայնումը հանգեցրել է նրան, որ գլոբալ հեռահաղորդակցական արդյունաբերությունում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Մասնավորապես, բջջային և ֆիքսված կապի աշխարհի առաջատար օպերատորներն իրենց մրցունակությունն ու ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով վերափոխում են զարգացման ռազմավարություններն ու բիզնես-մոդելները՝ «ավանդական» ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից շարժվելով դեպի ժամանակակից նորագույն թվային ծառայություններ: Այն է՝ մոբայլ ինտերնետ հարթակում առաջարկում են ֆինանսական, հեռուստատեսային և այլ նորարարական ծառայություններ:

Հեռահաղորդակցության գլոբալ այս զարգացումներին համընթաց է շարժվում նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը, որն իր ծառայությունները Հայաստանում մատուցում է Beeline բրենդի ներքո:

2015 թվականից «ՎիմպելԿոմ»-ն ակտիվ իրականացնում է բիզնես-մոդելի վերակազմավորման համակողմանի ծրագիր՝ նպատակ ունենալով վերակազմավորվելու թվային օպերատորի, որն իր հաճախորդներին կառաջարկի ժամանակակից «թվային ապրելակերպին» համապատասխան նորագույն ծառայություններ: «ՎիմպելԿոմ»-ի թվային վերակազմավորման ռազմավարությունը վերաբերում է նաև Հայաստանում ընկերության գործունեությանը:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն ընդգծեց, որ «ՎիմպելԿոմ»-ը մտադիր է հիմնովին վերափոխել իր բիզնեսը Հայաստանում: Արդյունքում, «Beeline Հայաստան» ընկերությունը կվերակազմավորվի թվային օպերատորի, որը կլինի առավել ճկուն և բաց նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար:

Հայաստանում իր բիզնեսի վերակազմավորման նպատակով «ՎիմպելԿոմ»-ն առաջիկայում կընդլայնի 4G/LTE ցանցը Հայաստանում և կբարելավի լայնաշերտ ինտերնետային ծառայությունների որակը:

Ինչ վերաբերում է «ՎիմպելԿոմ» խմբի ընդհանուր բիզնեսի վերակազմավորմանը՝ Ժան Իվ Շառլիեն նշեց, որ դրական միտումներն արդեն նկատելի են. ընկերությունը վերականգնել է իր շահութաբերությունը: 

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբն իր գործունեությունն է ծավալում Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում՝ սպասարկելով ավելի քան 200 մլն հաճախորդի: Նոր ռազմավարության շնորհիվ ընկերությունը մտադիր է ամրապնդել դիրքերը իր ներկայության բոլոր շուկաներում՝ զբաղեցնելով եթե ոչ առաջին, ապա հաստատուն երկրորդ տեղը:

Share