Բաժին. Տնտեսական

Հայաստանը կարող է լինել ձմեռային տուրիզմի նախընտրելի վայր

Հայաստանը ձմեռային տուրիզմի զարգացման համար ունի լավագույն հնարավորությունները: Մեր երկիրը կարող է միջազգային շուկայում ներկայանալ որպես ձմեռային տուրիզմի նախընտրելի վայր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

«Զբոսաշրջությունը պահանջարկի վրա հիմնված ուղղություն է: Երբ դու ստեղծում ես պահանջարկը, առաջարկը երկրի ներսում սկսում է ձևավորվել: Ձմեռային տուրիզմի զարգացումը կարևոր է և՛ համայնքների ակտիվացման, և՛ զբոսաշրջային սեզոնի երկարաձգման տեսանկյունից: Աշխարհում զարգանում է դահուկային զբոսանքների ուղղությունը, իսկ մեր երկիրը նման քայլարշավի համար ունի բավական բարենպաստ պայմաններ: Մենք մասնավոր հատվածի հետ համատեղ լուրջ աշխատանքներ ենք նախատեսել ձմեռային տուրիզմի հնարավորություններով միջազգային շուկայում լավ դիրքեր գրավելու համար»,-ասաց  Զարմինե  Զեյթունցյանը:

Ձմեռային տուրիզմի համար ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից Զարմինե Զեյթունցյանն առանձնացրեց Ծաղկաձորը, ինչպես նաև Ջերմուկը: Նրա խոսքով՝ դահուկային քայլարշավների համար լուրջ ենթակառուցվածքներ անհրաժեշտ չեն, բավարար է արահետներ գծելը: Այդ տեսանկյունից, ըստ Զարմինե Զեյթունցյանի, հարմար տարածքներ են Հայաստանի բոլոր լեռնային վայրերը` Արագածը, Հատիսը, Արայի լեռը և այլն:

Եթե այլ երկրներ տարվա ընթացքում մեծ գումարներ են ծախսում արհեստական ճանապարհով ձյուն ունենալու համար, ապա Հայաստանն այդ տեսանկյունից շահեկան դիրքերում է: Այս մասին նշեց «Շիրակ Տուրս» ընկերության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը` որպես օրինակ ներկայացնելով Շիրակի մարզը:

«Շիրակի մարզն առանձնանում է ձնառատությամբ: Կան հատվածներ, որտեղ գրեթե 7 ամիս ձյուն է լինում: Ավելին՝ Մեծ Սեպասար գյուղի մոտ կա հատված, որտեղ մարդկանց հունիս ամսին հրավիրում ենք դահուկներով սահելու: Երբ ավստրիացի մեր գործընկերները եկան Շիրակ, զարմացան, ասում էին, թե այսքան ձյուն ունեք, բայց  հյուրեր չունեք»,-ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը: Ավստրիացի գործընկերները նվիրում են դահուկներ՝ անհրաժեշտ պարագաներով: Դրանից հետո սկսվում են դահուկային արշավները: Ալեքսան Տեր-Մինասյանը ցավով փաստեց, որ այցելուները հիմնականում արտասահմանցիներ են, Հայաստանից այցելուներ շատ քիչ կան: Ի դեպ, դահուկային քայլարշավն անցկացվում է տեսարժան վայրերում:

Share