Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. նախարարությունները գերակա խնդիրները ներկայացնելու համար 2-3 օր ունեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Հանձնարարականներից մեկը վերաբերել է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների լուծմանը նպաստելու, մասնավորապես, աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին Կարեն Կարապետյանը հանձնարարել է. «Երեքշաբաթյա ժամկետում պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել և առանձնացնել պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Նկատի ունենալ, որ այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»: Պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված առաջարկությունները և մշակել մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ և այն մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Գործադիրի ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվել է պետական ընկերությունների հաշվետվությունների, պլանային ցուցանիշների վերաբերյալ հանձնարարականի կատարման ընթացքից: Ի պատասխան Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ֆինանսատնտեսական մոնիթորինգներն իրականացված են: «2015թ. ցուցանիշներն ամբողջությամբ պատրաստ են, սակայն կառավարության որոշման համաձայն՝ 2016 թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիս ամսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված ամբողջ տարին ամփոփելու համար: Այս գործընթացը հստակ կարող ենք սկսել, որովհետև, ըստ էության, 2015 թ. ցուցանիշները կան: Այդ ցուցանիշների հիման վրա մենք կարող ենք քննարկումներն սկսել»,-ասել է Պետգույքի կառավարման վարչության պետը:

Share