Բաժին. Տնտեսական

Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված 550 սփյուռքահայից 120-ն ապահովվել է աշխատանքով

2012 թվականից` Սիրիայում պատերազմը սկսելուց ի վեր, ՀՀ զբաղվածության պետական գործակալությունն աշխատել է  սիրիահայերին աշխատանք տրամադրելու և  ծրագրերի միջոցով աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով`դեկտեմբերին 12 հոգի պետք է ընդգրկվեն իրենց ուսուցման ծրագրերում` «խոհարարություն» և «ֆուրշետ» մասնագիտություններով:

«Պահանջարկ ունենք հացթուխների, ավտոփականագործների, ավտոմեխանիկների մասնագիտություններով: Գործատուներ կան, որ հենց սիրիահայեր են պահանջում աշխատանքի տեղավորման համար»,- ասաց Մանգասարյանը:

ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետի ներկայացմամբ, իրենց մոտ հաշվառվել է մոտ 550 սփյուռքահայ, որոնցից 120-ը ծրագրերի միջոցով տեղավորվել են աշխատանքի, իսկ 220-ն ընդգրկվել ծրագրերում: «2012 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով իրավունք է տրվել սիրիահայերին ընդգրկելու մեր ամենամյա բոլոր ծրագրերում՝ առանց սահմանափակումների»,- հավելեց  ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Share