Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կկայանան Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները կամփոփեն միության առաջին երկու տարվա աշխատանքի արդյունքները եւ կնախանշեն ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման ուղիները:

Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա ԵԱՏՄ-ի նոր մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը: Սպասվում Է նաեւ մի շարք այլ բազմակողմ փաստաթղթերի ընդունում, որոնք, մասնավորապես, նպատակամղված են ապրանքների ու ծառայությունների միասնական եվրասիական շուկայի ձեւեավորման գործընթացի առաջմղմանը: Բացի այդ, պետությունների ղեկավարները պետք Է հաստատեն 2017 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները եւ քննարկեն Եվրասիական միության հանգուցային առեւտրատնտեսական գործընկերների հետ համագործակցության տարբեր ասպեկտներ:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի Ղրղզստանի եւ Տաջիկստանի ղեկավարները կքննարկեն կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ակտուալ ոլորտները եւ նրա ընթացիկ գործունեության ապահովումը: Կարծիքների փոխանակում Է պլանավորվում գլոբալ եւ տարածաշրջանային օրակագրի հանգուցային հարցերի շուրջ, ներառյալ ահաբեկչական ու ծայրահեղական սպառնալիքների հակազդման, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության դեմ պայքերի թեմատիկան:

Share