Բաժին. Տնտեսական

Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարարների մտահոգություննները, մասնավոր հատվածից ստացված առաջարկությունները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է կրճատել հայտատուների ներկայացրած գործարար ծրագրերի գնահատման ժամկետները: Որոշման նպատակն է աջակցել բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Մասնավորապես, լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական: Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմինը ներկայացնում է ՀՀ կառավարություն` քննարկման ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Share