Բաժին. Տնտեսական

Հայերի անօդաչու թռչող սարքն ու ամերիկյան ագրոբիզնեսը

Ամերիկյան chicagobusiness.com լրատվական կայքն անդրադարձել է Իլինոյսի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր և IntelinAir սթարթ-ափի համահիմնադիր Նաիրա Հովակիմյանի բիզնես-նախագծին:

Հոդվածը վերագրելով «Երկու էմիգրատները, նրանց անօդաչու թռչող սարքն ու ամերիկյան ագրոբիզնեսը» (Two immigrants, their drone and American agribusiness)՝ հեղինակը գրում է, որ ներկայում Նաիրա Հովակիմյանն ակտիվ աշխատում է գյուղատնտեսության աջակցմանն ուղղված նախագծի զարգացման շուրջ, որը հնարավորություն է տալիս օնօդաչու թռչող սարքերի և արբանյակների օգնությամբ ստանալու բարձրորակ լուսանկարներ ու դրանց միջոցով օգնելու ֆերմերներին տեղեկանալ իրենց գյուղատնտեսական հողատարածքներում տեղի ունեցող փոփոխություններին:

Սպասվում է, որ տեխնոլոգիական նոր լուծումներ առաջարկող այս նախագծի օգնությամբ հնարավոր կլինի մշակել հատուկ համակարգ, որը ֆերմերներին կզգուշացնի վտանգի մասին, կտեղեկացնի կոնկրետ տարածքներում տեղի ունեցող փոփոխությունների, կլիմայական և այլ անոմալիաների մասին և կօգնի նախապես միջոցներ ձեռնարկել: Արդյունքում, ֆերմերները կկարողանան արդյունավետությամբ մշակել իրենց գյուղատնտեսական հողատարածքները և ապահովել առավելագույն արդյունք: Ըստ նախնական հաշվարկների՝ նախագիծը կօգնի բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների բերքատվությունը 10-20 տոկոսով: Ընթացիկ տարում նախագիծն անցել է հաջող փորձարկման շրջան Իլինոյսի մի քանի տասնյակ ֆերմերային տնտեսություններում:

Նշենք, որ Նաիրա Հավակիմյանը ծնվել և մեծացել է Սովետական Հայաստանում: 1992 թվականին, 25 տարեկանում Մոսկվայում ստացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում: Հետագայում նա տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, իսկ այնուհետև՝ ԱՄՆ, որտեղ աշխատել է տարբեր գիտական կառույցներում և համալսարաններում՝ իր գիտական գործունեությունն ուղղելով թռչող սարքերի արդյունավետ կառավարման համակարգերի նախագծմանն ու մշակմանը:

IntelinAir սթարթ-ափը համատեղ հիմնել էին ամերիկահայ գործարար Ալ Եսայանը և Նաիրա Հավակիմյանը 2015 թվականին: Ընկերությունը մասնագիտացել է թվային գյուղատնտեսության մեջ և արդեն իսկ ներգրավել է շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Նշենք նաև, որ IntelinAir-ը քննարկում է նաև թռչող սարքերի միջոցով օգնել մեծահասակներին, ինչպես նաև կիրառել դրոնները առաքման ծառայություններում:

Share