Բաժին. Տնտեսական

Հայաստանի հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտները կրճատվել են

2016 թվականը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի համար այնքան էլ բարենպաստ չէր՝ եկամուտների տեսանկյունից: Հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները գրանցել են եկամուտների անկում, ինչը մեծապես պայմանավորվել է բջջային ծառայությունների շուկայում հասույթի կրճատմամբ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կազմել են 131.68 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 9%-ով:

Հարկ է նշել, որ չնայած բջջային ծառայությունների շուկայում եկամուտները կրճատվել են, այնուամենայնիվ, հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը դեռևս շարունակում է ձևավորվել հենց բջջային ծառայություններից:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 160.15 մլրդ ՀՀ դրամի հասույթ: 2014 թվականի համեմատ ոլորտի եկամուտները կրճատվել էին 7%-ով:

Share