Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան հանձնարարականը՝ առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:

«Հանձնարարում եմ Տտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,-նշել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում ՝

1. համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:

2. ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում:

Share