Բաժին. Տնտեսական

Տոնական օրերին մաքսային մարմիններն աշխատել են արտակարգ ռեժիմով

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով. մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում, մաքսային հսկողության գոտիներում ու մաքսային պահեստներում 31.12.2016-08.01.2017թ. ժամանակահատվածում հերթապահություն է իրականացվել: Ըստ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանի, այդ օրերին մաքսային մարմինների կողմից երրորդ երկրներից ընդունվել է ներմուծման՝ 56 բեռնային և 1564 ուղևորային հայտարարագիր, արտահանման՝ 14 բեռնային և 1504 ուղևորային հայտարարագիր: Համապատասխանաբար հայտարարագրվել են 887.7 միլիոն և 187.8 միլիոն դրամ մաքսային արժեքով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, գանձվել է շուրջ 211.7 մլն. դրամի չափով մաքսային վճար: Իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ընդունվել է ներմուծման 355 և լրացվել՝  արտահանման 62 հայտարարագիր: Այդ օրերին մաքսային մարմիններում հայտարարագրվել է 114.5 տոննա սննդամթերք, 72 տոննա միրգ և բանջարեղեն, 296.5 տոննա ցորեն,  55.6 տոննա նավթամթերք և այլ ապրանք: «Իրականացված հերթապահության նպատակն էր տոնական օրերին ևս պատշաճ ապահովել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների,  ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների անխափան իրականացումը, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների արտահանումն ու ներմուծումը»,-ընդգծել է Կարեն Բեգլարյանը: Ամանորին ընդառաջ դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծավալների աճին զուգահեռ  բարդություններ էին առաջացել նաև բեռնափոխադրումների մասով: Անբարենպաստ եղանակի  պատճառով Վերին Լարս մաքսային կետ փակ էր, նաև Փոթի նավահանգստում էին դժվարություններ առաջացել: Կարեն Բեգլարյանի խոսքով՝ տոնական օրերին մաքսային կանոնների խախտում չի արձանագրվել: Շուտ փչացող ապրանքների մասով նույնպես որևէ խնդիր չի ծագել:
Ոչ աշխատանքային օրերին մաքսային մարմինների հետ հերթապահել են նաև սահմանային հսկողություն իրականացնող պետական մարմինները և առևտրային բանկերը:

Share