Բաժին. Տնտեսական

Կրճատվել է հայկական արտադրանքի արտահանումը Չինաստան

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանը Չինաստանի հետ իրականացրել է 407.79 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը շուրջ 7%-ով պակաս է, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Չինաստանի հետ առևտրի շրջանառության անկումը բացառապես պայմանավորված է Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ:

Այսպես, հաշվետու ամիսներին հայ-չինական առևտրային շրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 87.7 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 44%-ով, մինչդեռ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 320.09 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 14%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու 11 ամսում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Նշենք նաև, որ Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 5.4%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ շուրջ 10.8%:

Share