Բաժին. Տնտեսական

Ադրբեջանի արտահանումը նվազել է 19.5%-ով

Ադրբեջանի արտահանման ոլորտում գրանցած ցուցանիշները ներմուծման համեմատ զգալիորեն նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016-ին Ադրբեջանի արտաքին առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ 675 մլն 727,26 հազար ԱՄՆ դոլար, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 19,46 տոկոսով պակաս է եղել:

Այդ երկրի արտահանման գործառնությունների ծավալը 2016-ին կազմել է 9 մլրդ 143 մլն 279,75 հազար ԱՄՆ դոլար, ինչը 2015-ի արտահանման գործառնությունների ծավալից 28,17 տոկոսով պակաս է եղել, իսկ ներմուծման ծավալը կազմել է 8 մլրդ 532 մլն 447,51 հազար ԱՄՆ դոլար` 2015-ին գրանցված ցուցանիշից 7,42 տոկոսով պակաս:

Դրական սալդոն կազմել է 610 մլն 832,24 ԱՄՆ դոլարի չափով:

Ադրբեջանական նավթի գնանկումը, նավթի արդյունահանման ծավալների նվազումը ուժեղ հարված են հասցրել հիմնականում էներգակիրների արտահանումից ստացված եկամուտներից սնվող Ադրբեջանի տնտեսությանը:

Նավթային ոլորտում գրանցված անկումներով պայմանավորված՝ շարունակաբար արժեզրկվում է այդ երկրի ազգային արժույթը՝ մանաթը, ինչը հարվածում է երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:

Ադրբեջանական փորձագետների փոխանցմամբ` ազգային արժույթի արագընթաց անկումը կշարունակվի նաեւ 2017 թվականին:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն azadliq.info-ի հետ զրույցում նշել էր, որ ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքն ինքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահմաններում:

Share