Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է, որ ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու այս հանձնարարականը: Մասնավորապես, առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում: Այս կապակցությամբ վարչապետն ընդգծել է. «Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»: Այս կապակցությամբ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է՝

1. Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրական նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:

2. Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում: Նման հարկ վճարողների գործունեությունը գնահատել կամերալ ուսումնասիրությունների, չափագրումների և վարչարարության այլ գործիքների միջոցով:

Share