Բաժին. Տնտեսական

Մոսկվայում կայացել է «Պրոդէքսպո 2017» 24-րդ միջազգային ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս

Փետրվարի 1-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության «Էքսպոցենտր» խոշոր ցուցահանդեսային կենտրոնում, տեղի է ունեցել սննդամթերքի, խմիչքների և դրանց արտադրության հումքի «Պրոդէքսպո 2017» 24-րդ միջազգային ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել է Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ով ասուլիսի մասնակիցներին տեղեկացրել է ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության մասին։

Կարեն Ասոյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 6-ից 10-ը կայանալիք «Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա երկու առանձին տաղավարով` մասնակցությամբ սննդամթերքի, կոնյակի և գինու արտադրության շուրջ 44  ընկերությունների` Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ։ Հայաստանի առևտրական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ռուսական խոշոր առևտրային ցանցերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`  ցուցահանդեսի անցկացման օրերին վերջիններս կայցելեն Հայաստանի տաղավարները՝ տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին։ 

Ասուլիսին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարարության, ոլորտային միությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մասնակից երկրների ներկայացուցիչներ։

«Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն երկու հազար ընկերություններ 60 երկրներից, որոնցից 28-ը կներկայանան ազգային տաղավարներով։ Ցուցահանդեսի ընթացքում կգործի առևտրային ցանցերի կենտրոն՝ մասնակցությամբ 120 ցանցային խանութների։

Share