Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՀ-ի որոշումները պետք Է ցուցադրեն ինտեգրացման իրական օգուտը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հունվարի 31-ին քննարկել Է մաքսատուրքերի տոկոսադրույքների նվազեցումը, քաղաքակիրթ, թափանցիկ շուկաների ձևավորումը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջև առևտրի խոչընդոտների վերացումը և այլ հրատապ թեմաներ: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունը:

Բացելով նիստը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ ԵԱՏՄ-ի պետությունների նախագահները հանձնաժողովի առջև դնում են «գլոբալ հավակնոտ խնդիրներ, որոնք համապատասխանում են Միության երկրների զարգացման գերակայություններին, ապագայի նրանց տեսլականին: ԵԱՏՀ-ում ընդունվող որոշումները պետք Է օգնեն՝ հասնելու այդ նպատակներին: Միայն այդպես մենք կկարողանանք բոլորին ցուցադրել մեր ինտեգրացման իրական օգուտը և ապրանքների ու ծառայությունների, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման օգուտները»:

Տիգրան Սարգսյանը ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի տարեկան ուղերձում որպես 2017 թվականին երկրի զարգացման գլխավոր ուղղություններ առանձնացվել են այն վեկտորները, որոնք կարևոր են նաև ԵԱՏՄ-ի համար: Դա տնտեսության թվայնացումն Է և տրանսպորտային-լոգիստիկական ենթակառուցվածքի կատարելագործումը:

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման շրջանակներում ԵԱՏՀ-ի կոլեգիան հաստատել Է պահանջները դրա բաղադրիչներից մեկի նկատմամբ, որը միավորում Է Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի տվյալների բազան: Նախատեսվում Է ստեղծել յոթ ընդհանուր ինտերնետ-ռեսուրս, ներառյալ գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական ռեեստրը, զարգացման կանխատեսումային ցուցանիշները, ցեղական կենդանիների և ցեղական անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ տվյալների բազան և գիտահետազոտական գործունեությունը:

Օգտատերերը կկարողանան արտադրությունը մոդելավորել շուկայում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի փոփոխման հաշվառմամբ, գնահատել պարենային անվտանգության ապահովման հետ կապված իրադրությունը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի ևս մեկ կարևոր որոշումն Է դարձել այն հանձնարարականին հավանություն տալը, որի համաձայն ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկվում Է շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկացնել Միության ներքին շուկաներում սահմանափակումների և խոչընդոտների վերաբերյալ Հանձնաժողովին հայտնելու հնարավորության մասին: Ընդ որում՝ դա կարելի Է անել նաև https://barriers.eaeunion.org հատուկ տեղեկատվական ռեսուրսի օգնությամբ:

«Մենք մշտապես զբաղվում ենք Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտմամբ և դրանց վերացմամբ,-հայտարարել Է կոլեգիայի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:-Սակայն երկրները կենդանի օրգանիզմ են, և պետական մարմինների այս կամ այն գործողության հետևանքով կարող են ծագել նոր խոչընդոտներ: Ավելի հաճախ դրանք իսկույն հայտնվում են մեր տեսադաշտում, բայց երբեմն Էլ՝ ոչ: Ուստի մենք հորդորում ենք պետական մարմիններին, բիզնեսին, մեր երկրների քաղաքացիներին՝ հայտնել այն դժվարությունների մասին, որոնց նրանք բախվում են ԵԱՏՄ-ի շուկաներում»:

Նաև ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է ԵԱՏՀ-ի խորհրդի առաջիկա նիստում քննարկել Միությունում մակնշման համակարգի զարգացման հարցը: Այդ միջոցները թույլ կտան աջակցել բարեխիղճ բիզնեսին:

ԵԱՏՀ-ի կոլեգիան հավանություն Է տվել կաշվի-կոշիկի արդյունաբերության համար մի շարք այն ապրանքների ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների ժամանակավոր զրոյացմանը և նվազեցմանը, որոնք այդ ճյուղում օգտագործվում են որպես մշակման նյութեր:

«Զրոյական տոկոսադրույքը գործելու Է 2017 թվականի մարտի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ»,-նշել Է ԵԱՏՀ-ի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Տոսադրույքների զրոյացման ու նվազեցման վերաբերյալ վերջնական որոշումը հանձնաժողովի խորհուրդը կընդունի 2017 թվականի փետրվարի 10-ին:

Share