Բաժին. Տնտեսական

Կառավարությունն աջակցում է հանքարդյունաբերության ոլորտին

Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով օրինագծերին, կարևորել է դրանց ընդունումը. «Մեր գործարար աշխարհի գործընկերներն են խնդրել այս հարցին ուշադրություն դարձնել: Մաքսիմալ ուշադիր եղեք»:

Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտներում գործող օրենսդրության արդիականացմամբ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթների և սահմանումների ներառմամբ: Մասնավորապես` տեխնիկական կանոնակարգման և չափումների միասնականության ապահովման ոլորտներում սահմանվել և հստակեցվել է «պետական վերահսկողություն» հասկացությունը` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա կարգադրագրերի ընդունման հնարավորությամբ: Վերահսկողության, ինչպես նաև վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը և սահմանափակումները սահմանվել են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ներառմամբ: Հայ սպառողի «հայերեն» մակնշման պահանջը բավարարելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի պարտադիր «հայերեն մակնշման» պահանջը:

Share