Բաժին. Տնտեսական

Կոռուպցիայի պատճառով տարեկան անհետ կորում է $2 տրլն

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) վերլուծաբանները հաշվարկել են՝ ամբողջ աշխարհում ամեն տարի կոռուպցիայի պատճառով «կորում է» ոչ պակաս, քան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար: Սա այն գումարն է, որը ներկայացնում է բացահայտված կաշառքները: Հաշվի առնելով, թե որքան չբացահայտված կոռուպցիոն դեպքեր կան՝ կարելի է վստահ պնդել, որ իրականում այս թիվը շատ ավելի մեծ է, իսկ տնտեսական կորուստը՝ հսկայական:

Գլոբալ մակարդակով կոռուպցիայի ծավալները հասկանալու համար անհրաժեշտ է պարզապես հաշվարկել, թե հայտնի կոռուպցիոն դեպքերի ու բացահայտված կաշառքների գումարներն ինչ օգուտ կարող էին տալ, եթե ծախսվեին ճիշտ նպատակով և նպաստեին գլոբալ մի շարք հիմնախնդիրների լուծմանը:

Ստորև ներկայացնում ենք այն 4 լավագույն ուղղությունները, որտեղ կարող էին ուղղվել ապարդյուն կորած գումարները.

Աղքատության և սովի հաղթահարում / $116 մլրդ

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ այսօր ամբողջ աշխարհում շուրջ 800 մլն մարդ մատնված է սովի: Տարեկան 116 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումը կարող է օգնել հաղթահարել սովն ու տաս տարվա ընթացքում զգալի կրճատել ցուցանիշը:

Մալարիայի վերացում / $8.5 մլրդ

Մալարիան մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Վերջին տվյալներով՝ 2015 թվականին մալարիայով վարակվել է 212 մլն մարդ: Նրանցից 429 հազարը մահացել են: Առաջիկա 10-15 տարվա ընթացքում Մալարիան հաղթահարելու համար բավարար կարող է լինել տարեկան նվազագույնը 8.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումը:

Գլոբալ ենթակառուցվածքների զարգացում / $1 տրիլիոն

Ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրացանցեր և այլն, կարևոր նշանակություն ունեն առանձին շրջանների, քաղաքների ու երկրների զարգացման հարցում: Անկախ փորձագետների հաշվարկներով՝ շուրջ 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը կարող է օգնել հաղթահարել գլոբալ մակարդակով ենթակառուցվածքների զարգացվածության տեսանկյունից առկա ճեղքվածքը:

Հիմնական կրթություն բոլոր երեխաներին / $26 մլրդ

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ աշխարհում շուրջ 100 մլն երեխա չունի հնարավորություն ստանալու հիմնական կրթություն: Եթե տարեկան նվազագույնը 26 մլրդ ԱՄՆ դոլար ուղղվի կրթության ոլորտ, ապա հնարավոր կլինի ցածր և միջին եկամուտ ունեցող ավելի քան 40 երկրում ապահովել երեխաների հիմնական կրթությունը:

Share