Բաժին. Տնտեսական

Մինչև 4 մլն դրամ հարկային խախտումները կապաքրեականացվեն

Նախատեսվում  է բարձրացնել հարկերը չմուծելու համար քրեական պատասխանատվության շեմը՝ 2 մլն դրամից դարձնելով 4 մլն–ի։ Փետրվարի 3-ին, ներկայացնելով ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշել է ՀՀ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ: .

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում և  մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են: Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաև «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, ըստ նախարարի, նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և  դժվարացնում ապացուցելը, թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:

Share