Բաժին. Տնտեսական

Հայկական գինիները մեծ հետաքրքրություն են առաջացրել «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսում

Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ   մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն իսկ զգացվում է հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում մեզ համար թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։

Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը,  ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

Հայկական պատվիրակությունը ներկայացնում են 12 գինեգործական ընկերություններ` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն  հայկական գինիներ։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։

Share