Բաժին. Տնտեսական

Այսօր Հայաստանում ավելի քան 19 հազար երիտասարդ ակտիվ փնտրում և չի գտնում աշխատանք

Հայաստանի աշխատանքի շուկայում առկա են համակարգային մի շարք խնդիրներ, որոնցից առավել կարևոր է, թերևս, երիտասարդների շրջանում բարձր գործազրկությունը:

Մեր երկրում ուսումից դեպի աշխատանքի շուկա անցումն ապահովող արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև ընդհանուր կրթական համակարգի և աշխատանքի շուկայի միջև հետադարձ կապի ցածր մակարդակը հանգեցնում են նրան, որ աշխատանքի շուկա առաջին անգամ մուտք գործող երիտասարդները առավել դժվարությամբ են գտնում աշխատանք: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրում առաջին անգամ աշխատանք է փնտրել 16-29 տարեկան 16 հազար երիտասարդ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքի շուկայի ընդհանուր իրավիճակը ներկայացնող պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ 2016 թվականի վերջի դրությամբ մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկի կարգավիճակ է ունեցել 16-29 տարեկան շուրջ 19 հազար երիտասարդ: Հաշվի առնելով, որ հաշվետու տարվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 80.5 հազար, կարելի է ընդհանրացնել, որ Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ պաշտոնապես գրանցված գործազուրկը երիտասարդ տարիքի է:

Նշենք, որ Հայաստանում գործազուրկ են համարվում աշխատանքային տարիքի աշխատանք փնտրող աշխատունակ այն չզբաղված անձինք, որոնք չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն և ստացել գործազուրկի կարգավիճակ։

Share