Բաժին. Տնտեսական

Թաթուլ Մանասերյան. Հայաստանի համար կարևոր է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հաղորդակցության վերականգնումը

Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության զարգացման և առևտրի իրականացման նպատակով Ռուսաստանի և Վրաստանի միջև պայմանագրի կյանքի կոչման որոշման մեջ տնտեսագետն ակնհայտ է համարում Հայաստանի շահը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է կյանքի կոչվի դեռևս 2011-ին ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, նշեց, որ ռազմավարական առումով այն շատ կարևոր է հենց Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը մեկուսացված է:

«Տրանսպորտային հաղորդակցության առումով այն Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է: Ես Հայաստանը չէի համարի երրորդ կողմ, չնայած դե-յուրե այն այդպես է: Այս պայմանագիրը մեր կենսական շահերն է արտացոլում: Կարծում եմ, տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, հատկապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման փուլում, ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ Հայաստանը ունի այլընտրանք. այն, ինչ տարիներ շարունակ մեր տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել, դա հենց Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրումն էր»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: Նա չբացառեց, որ այդ հանգամանքը հիմք է հանդիսացել, որպեսզի Հայաստանի հյուսիսային ուղղությունը ևս ավելի ակտիվացվի:

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ փետրվարի 8-ին Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է կարևոր առաջխաղացմամբ: Որոշվել է կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է դեռևս 2011-ին: Այն թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Կարասինն ասել է, որ պայմանագրի կյանքի կոչման հարցում շահագրգռված են ոչ միայն ՌԴ-ն ու Վրաստանը, այլ նաև Հայաստանը:

Share