Բաժին. Տնտեսական

Էլեկտրամեքենաները Երևանում կազատվեն ավտոկայանատեղի վճարից

Էլեկտրամոբիլների ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություններ են սահմանվել

Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագծին:

Մասնավորապես նախատեսվում է բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի` էլեկտրամոբիլների սեփականատերերի համար սահմանել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից:

Հիշեցնենք նաև, որ ավագանու 2016թ. համապատասխան որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը մայրաքաղաքում` նպատակ ունենալով Երևանի վարչական տարածքում նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները՝ դրանով իսկ նպաստելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածման և զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարենպաստ միջավայի ստեղծմանը:
Նիստում ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականության 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին որոշման նախագծին: Միաժամանակ նշվել է, որ գույքի կազմից դուրս են եկել այն գույքային միավորները, որոնք օտարվել կամ Երևանի ավագանու համապատասխան որոշումներով անհատույց նվիրաբերվել են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց։

Նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա 2017թ. մարտի 17-ին:

Share