Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան. ՀՀ արդյունաբերության ոլորտը արտահանման մեծ ներուժ ունի

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով»  ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսական աճը այս տարի արդյունաբերության միջոցով ապահովվել է։

«Այն ներդումային ծրագրերը, որոնց մասով պետությունը իր գործիքակազմով աջակցություն է ցուցաբերել, և մենք կազմակերպությունների հետ աշխատանք ենք իրականցրել, միայն այդ ընկերությունների համար կստեղծվի մոտ 2200 նոր աշխատատեղ։ Պետական գնումների մասով գործընթացը պետք է լինի մրցակցային, իսկ եթե որևէ տարածաշրջանում չկա համապատասխան շուկա, ապա մենք ՄԱԱԶԿ-ի (UNIDO) հետ  կփորձենք օժանդակել։ Պետք է այնպես անել, որպեսզի այլ պետություններում ևս գտնենք իրենց համար շուկաներ ու տվյալ ապրանքը դարձնենք մրցունակ»,- նշեց Կարայանը և շեշտեց , որ արդյունաբերության ոլորտը ունի արտահանման մեծ ներուժ։

Երկրորդ փուլի ֆինանսավորումը նախարարի խոսքով կկազմի մոտ 2 մլն եվրո։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եդիգարյանն ասաց, որ թեթև արդյունաբերությունը կառավարության կողմից ճանաչվել է գերակա ուղղություն։

«Այդ գերակա ուղղության համար իրականացվում են տարբեր միջոցառումներ, ծրագրեր։ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ միջազգային համագործակցության արդյունքում ստեղծվել է այս ծրագիրը, որն ուղղված է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և միտված է այդ ճանապարհով նոր շուկաներ մուտք գործելուն»,- նշեց Եգանյանը։

Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2014 թվականի սեպտեմբերին։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ փուլերը իրականացվել ու իրականացվում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի առաջին փուլը միտված էր Հայաստանում հագուստի արտադրության ավանդույթների վերականգնմանը, զարգացմանը և արտահանման խթանմանը։ Ծրագրի պիլոտային փուլում ընդգրկված էին հագուստ արտադրող ութ ձեռնարկություն և ապահովված էր բազմակողմանի աջակցություն՝ արտադրանքի զարգացման, մարդկային ռեսուրսների, ֆինանսների, մարքեթինգի, արտաքին կապերի, իրավական հարցերի և այլ ուղղություններով։

Share