Բաժին. Տնտեսական

Վահան Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում

Բեռլինում մեկնարկել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքները:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 15-ին հանդես է եկել բացման խոսքով:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին ՏՀՏ ոլորտն արագ զարգացել է Հայաստանում:

«Այդ հանգամանքը թույլ է տվել Հայաստան ներգրավել միջազգային կազմակերպություններ ու օտարերկրյա ներդրումներ` կառուցելու մրցունակ աշխատաշուկա, ապրանքներ ու ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհում»,- նշել է նախարարը:

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում գործող ՏՀՏ ընկերությունների առաջարկած արտադրանքի և ծառայությունների ուղղությունները. ծրագրերի մշակում, ինժեներություն, չիպ – դիզայն, արհեստական ինտելեկտ, ցանցային համակարգեր և այլն:

Ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նախարարը կարևորել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը, որի նպատակն է կապել երկրի հյուսիսը հարավին` բարելավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը:

«Նախագիծը բաց է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով իրականացնելու  համար, մենք կողջունենք նաև գերմանական ընկերությունների ներգրավվածությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:

Նա հույս է հայտնել, որ Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների ազգային ընկերություններին սերտացնել և խորացնել համագործակցության շրջանակները:

Հաջորդիվ տեղի են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին առնչվող քննարկումներ, որտեղ ներկայացվել են իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները:

Համաժողովին մասնակցում են շուրջ 15 մասնավոր հայկական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր գործարար կապերի հաստատմամբ և ծրագրերի իրականացմամբ:

Share