Բաժին. Տնտեսական

PwC զեկույց. Մինչև 2050 թվականը Չինաստանը կդառնա համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք ունեցող երկիր

Առաջիկա 35 տարում համաշխարհային տնտեսության մեջ կշարունակվի վերադասավորումը` Ճապոնիան, Հյուսիսային Ամերիկայի ու Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական զարգացած երկրներն աստիճանաբար կկորցնեն առաջատարների դերը՝ չնայած Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման վերաբերյալ կանխատեսմանը (մոտավորապես 2020-ին): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդպիսի եզրակացություն է արվում PricewaterhouseCoopers (PwC)-ը «Աշխարհը 2050-ին»  համաշխարհային տնտեսության ուժերի վերադասավորումների մասին զեկույցում:

Զեկույցում ներկայացված են մինչև 2050 թ. ՀՆԱ աճի պոտենցիալ տեմպերի երկարաժամկետ կանխատեսումներն աշխարհի 32 խոշորագույն երկրի մասով, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85%-ը:

«Չինաստանը կմնա վարկանիշի առաջատարը գնողունակության ցուցանիշով. 2050-ին այդ երկրին բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ-ի 20 տոկոսը, կամ $58.5 տրլն: Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան և Բրազիլիան: Աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների եռյակում առաջիկա 34 տարում կընդգրկվեն Վիետնամը, Հնդկաստանն ու Բանգլադեշը: ԵՄ խոշորագույն տնտեսությունների թվում ամենաարագ աճողը կլինի Լեհաստանը, ակնկալում են PwC-ի փորձագետները: Brexit-ի անցումային շրջանից հետո Մեծ Բրիտանիան կկարողանա ապահովել ԵՄ միջին ցուցանիշը գերազանցող աճի տեմպեր»,- գրում է rbc.ru-ն:

2050-ին Ռուսաստանը կմնա խոշորագույն տնտեսությունների վարկանիշի 6-րդ տեղում՝ ըստ գնողունակության ցուցանիշի: Շուկայական արժույթի փոխարժեքով խոշորագույն ՀՆԱ-ով երկրների թվում այն 11-րդ հորիզոնականից կտեղափոխվի 10-րդ հորիզոնական:

Մեր հարևան Իրանը կանխատեսումների ցուցակում 17-րդն է` 3,900 տրլ դոլար ՀՆԱ-ով: Թուրքիան 11-րդ տեղում է 5,184 տրլ դոլար ՀՆԱ-ով:

Զեկույցում նշվում է, որ 2014-2050 թթ. համաշխարհային տնտեսության աճի միջին տեմպերը կանխատեսվում են տարեկան մոտ 3 տոկոսի մակարդակով: Արդյունքում 2037-ին համաշխարհային ՀՆԱ-ն կկրկնապատկվի, իսկ 2050-ին գրեթե կեռապատկվի: Սակայն 2020-ից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը, հավանաբար, կսկսեն դանդաղել 2 գործոնի ազդեցությամբ` Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի աճի տեմպերի դանդաղեցման:

Տեսանելի ապագայում զարգացած երկրներն առաջ կլինեն զարգացողներից եկամուտների մակարդակով: Ձևավորվող տնտեսությունները կկարողանան հաղթահարել այդ տարբերությունը մինչև 2050 թ., եթե կարողանան իրացնել աճի իրենց ներուժը: Դրա համար նրանք պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնեն` բարելավելու համար մակրոտնտեսական կայունությունը, դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

Share