Բաժին. Տնտեսական

Հունվարին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է $358.7 մլն առևտուր

Հունվարին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 358.7 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2016 թվականի հունվար ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 45%-ով, իսկ դեկտեմբեր ամսվա համեմատ՝ կրճատվել մոտ 25%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2017 թվականի հունվարին Հայաստանից արտահանումը կազմել է 121.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը Հայաստան՝ 237.2 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 35%, իսկ ներմուծման ոլորտում՝ 51%:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 75.3 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 7.4%-ով:

Share