Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. «ՆՈՅ» էթնոթաղամասի ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

 Ներդրումային ծրագիր՝ «ՆՈՅ» էթնոթաղամասի կառուցում

Ընդհանուր արժեքը՝  $98,500,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)` 23%

«ՆՈՅ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել նոր էթնոթաղամաս «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մոտ, Դալմայի այգիներին հարող տարածքում: Ընդհանուր առմամբ, կառուցապատվելու է 9.2 հա տարածք: Այստեղ կառուցվելու են Հայաստանի տարբեր շրջաններին ու քաղաքներին (Գորիս, Դիլիջան, Վան և այլն) բնորոշ ազգագրական ոճի ճարտարապետական շինություններ, ստեղծվելու են թանգարաններ, ինչպես նաև ձևավորվում են հայկական գորգագործությունը, նկարչությունն ու ազգային տարբեր արհեստներ ներկայացնող հատուկ անկյուններ և ցուցահանդեսներ:

Թաղամասում կլինեն նաև խանութներ, հյուրանոցներ և բնակելի շենքեր, որոնք հայկական ազգային ճարտարապետությանը բնորոշ ոճով կունենան 2-3 հարկ: Թաղամասից կբացվի գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը:

«ՆՈՅ» էթնոթաղամասի ներդրումային ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո, և ծրագրի իրականացման շրջանակներում ներդրողները կստանան եզակի առավելություններ:

«ՆՈՅ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share