Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիրը՝ 33-րդ թաղամասի կառուցապատում

Պահանջվող ներդրումները՝ $89,909,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 12%

Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրով նախատեսվում է ավելի քան 5.5 հա տարածքում կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական, կրթական ու ժամանցային տարբեր շինություններ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ: Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ նոր թաղամասը հարակից է լինելու Հանրապետության հրապարակին: Կարևոր է նաև, որ ըստ ծրագրի՝ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնալու են իրենց տեղում, այսինքն՝ իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:

Նախատեսվում է, որ Հանրապետության հրապարակին կից և Հանրապետության փողոցին հարող հատվածներում կառուցման ենթակա շինությունները կունենան 5-7 հարկ: Կլոր հրապարակի տակ կկառուցվեն ստորգետնյա կայանատեղեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում:

Ներդրումային ծրագրով կառուցապատման ենթակա տարածքը բաժանվել է 18 հատվածների, ինչը նախագիծը դարձնում է առավել ճկուն: Ներդրողներից յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե որ հատվածն է առավել համապատասխանում իր ներդրումային նախասիրություններին և ընդհանուր գործունեությանը:

Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո, և ծրագրի իրականացման շրջանակներում ներդրողները կստանան եզակի առավելություններ: Դրանք առավել շոշափելի կլինեն ճարտարապետական նախագծերի հաստատման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում:

Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share