Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. Արտակ Շաբոյանը երկօրյա այցով եղել է Մոսկվայում

Ա. Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների և ՌԴ առևտրային ցանցերի համագործակցության ընդլայնման հարց

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա, որտեղ տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը:

ՏՄՊՊՀ նախագահը իր ելույթում խոսել է Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության մասին ՝ ներկայացնելով առկա արդյունքներն ու առաջիկա անելիքները: Մեր երկրի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, Հանձնաժողովը մի քանի անգամ Հայաստան է հրավիրել ռուսական խոշոր առևտրային ցանցերի հիմնադիր-ղեկավարների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և առկա ընթացակարգային խնդիրների լուծման նպատակով: «Գոհունակությամբ եմ նշում, որ մեր երկկողմ հետևողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաև ինչը շատ կարևոր է ՝ մատակարար-առևտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին»,-իր ելույթում նշել է Ա. Շաբոյանը: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահը կարևորել է նաև ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ ստեղծված «ԵԱՏՄ անդամ-պետություններում առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի» կիրառումը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս իրավական հիմքի վրա դնել և կանոնակարգել մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները: Օրենսգրքի մշակման ժամանակ ՏՄՊՊՀ-ը հիմքում դրել է տնտեսական բարեխիղճ մրցակցության վրա հիմնված գործունեությունը՝ կարևորելով ինչպես ներկրմամբ այնպես էլ արտահանմանբ զբաղվող տնտեսվարողներիի իրավական լիարժեք պաշտպանվածության խնդիրը: Վարքագծի կանոններով հստակ սահմանվել են ապրանքի ձեռքբերման, իրացման, վճարման պայմանները, համագործակցության մեխանիզմները, ամրագրվել են նաև փոխադարձ պարտավորվածություններն ու նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները:

Նիստին ներկա «Ռուսական մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի (АКОРТ)» ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել ինչպես բարձր մակարդակով ներկայացված բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին օրենսգրքի մշակման , այնպես էլ ՀՀ Մրցակցային մարմնի նախաձեռնությամբ հիմք դրված համագործակցության համար: Նրանք տեղեկացրել են, որ արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են կաթնամթերքի, խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող հայկական մի շարք ընկերությունների հետ, որոնք հաջողությամբ արտահանում և իրացնում են իրենց արտադրանքը ՌԴ խոշոր առևտրային ցանցերում և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցության շրջանակները:

Հանդիսանալով ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ՝ Ա. Շաբոյանը մասնակցել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի ընթացքում քննարկվել են նախորդ տարի իրականացված աշխատանքներն ու 2017 թվականի ծրագրերը: Քննարկվել են նաև համատեղ ուսումնասիրությունների ընթացքը՝ կաթնամթերքի, ծխախոտի, ավիափոխադրումների, դեղորայքի և այլ շուկաներում:

Share