Բաժին. Տնտեսական

Հայաստան ալյուրի ներմուծումը կրճատվել է ավելի քան 40%-ով, շաքարինը՝ 30%-ով

2016 թվականին մեր հանրապետություն ներմուծված ապրանքների շուրջ 19%-ը բաժին է ընկել պարենամթերքին: Այս մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 20.3%:

Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, հիմնական պարենային ապրանքատեսակներից ալյուրի ներմուծման ծավալը նվազել է 42.1%-ով և կազմել 11.2 հազ. տոննա, շաքարինը՝ 30.7%-ով և կազմել 3.6 հազ. տոննա:

Միևնույն ժամանակ, Հայաստան թռչնի մսի ներմուծման ծավալները կրճատվել են՝ 28.1%-ով և կազմել 23.3 հազ. տոննա: Բանջարեղենի ներմուծումը կրճատվել է 26.4%-ով և կազմել 16.8 հազ. տոննա, ցորենինը՝ 14.5%-ով և կազմել 277.8 հազ. տոննա, խոզի մսինը՝ 12.0%-ով և կազմել 5.7 հազ. տոննա:

Մակարոնեղենի տարեկան ներմուծումը նվազել է 11.8%-ով և կազմել 7.3 հազ. տոննա, բրնձինը՝ 9.3%-ով և կազմել 8.9 հազ. տոննա, պանրինը՝ 5.9%-ով և կազմել 1.1 հազ. տոննա:

Փոխարենը, 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, ավելացել են ձվի (5.6 անգամ), մրգի (31.7%-ով), կաթի (14.9%-ով), տավարի մսի (11.4%-ով), կարագի (7.2%-ով), բուսական յուղի (7.0%-ով) ներմուծման ծավալները:

Share