Բաժին. Տնտեսական

Gallup. հարցման մասնակիցների 82.2%-ն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Կարեն Կարապետյանին

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման մասնակիցների 81 տոկոսը դրական է գնահատել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը» հարցին քաղաքացիները պատասխանել են՝ լիովին դրական՝ 22,4 տոկոս, ավելի շուտ դրական՝ 58,6 տոկոս, ավելի շուտ բացասական՝ 9,9 տոկոս, ընդհանրապես բացասական՝ 3,8 տոկոս: «Ընդհանուր առմամբ 81 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», – ասաց Արամ Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերին անցկացված հարցմանը մասնակցածների մոտ 84 տոկոսն էր դրական գնահատել:

«Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին վեց ամսվա ընթացքում», հարցվածների 62,3 տոկոսը հիմնականում դրական է գնահատել:

Նավասարդյանը նկատեց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետո հասարակության մեջ դրական սպասումների ֆոն էր ձևավորվել, և պատասխանելով հարցին, թե «որքանո՞վ արդարացան դրական սպասումները կառավարման վեց ամսում», հարցման մասնակիցների 64,5 տոկոսը նշել է, որ դրական սպասումներն արդարացված են: «Երեք ոլորտ, որոնց հիմնախնդրով պետք է զբաղվի Կարեն Կարապետյանն առաջին հերթին» հարցին քաղաքացիները պատասխանել են՝ աշխատատեղերի ստեղծում, ընդհանուր տնտեսության խնդիրներ, կոռուպցիոն խնդիրներ, առողջության, կրթության, արտաքին քաղաքականության խնդիրներ:

«Կցանկանա՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում». հարցվողների 34,6 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 47,6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6,2 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2,7 տոկոսը՝ միանշանակ ոչ:

Ընդհանուր առմամբ, քաղաքացիների 82,2 տոկոսը դրական է պատասխանել և ցանկություն ունի որ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո մնա վարչապետի պաշտոնում:

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հարցումն անցկացվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը:

Share