Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է «Հայաստանի տնտեսական զեկույց 2016. Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում»-ի շնորհանդեսը

Մարտի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ի (ՀՏԶ 2016) շնորհանդեսը:

«Հայաստանի տնտեսական զեկույցը» տարեկան վերլուծական պարբերական է, որի մշակման և հրապարակման աշխատանքներն իրականացնում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

«Տնտեսության մասնավոր հատվածի համար վերջին տարիներին դժվարին ժամանակներ են: 2016-ը համաշխարհային տնտեսության մեջ ընդհանուր առմամբ նկատված դանդաղեցման գործընթացներն անդրադարձել են նաեւ հայաստանյան տնտեսական զարգացումներին: Հասարակությունը սպասում է ավելի էական ձեռքբերումներ, ավելի բարձր ցուցանիշներ, քան արձանագրվում են: Մյուս կողմից` դժվար ժամանակներն ունեն նաեւ դրական նշանակություն այն տեսանկյունից, որ ի ցույց են դնում թույլ օղակները, եւ մեզ դարձնում ավելի մրցունակ եւ դժվարությունների նկատմամբ ավելի կայուն»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Բացման խոսքում ՏԶՀԿ նախագահ Մուշեղ Թումասյանը նշել է, որ զեկույցի հիմնական նպատակն է վերլուծել և մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները և քաղաքականությունները, բարձրացնել իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման և քաղաքականության որոշումների նախագծման համար: «Յուրաքանաչյուր թողարկում անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաև` առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ և տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: Այս տարի, մասնավորապես, ՀՏԶ 2016-ը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին»,-հավելել է նա:

Ողջունելով ներկաներին՝ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն խոսեց ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների մասին՝ ուղղված կայուն և ներառական տնտեսական զարգացմանը երկրում: «2017թ. Ապրիլին ծրագիրը թևակոխում է նոր եռամյա փուլ, որի ընթացքում մեր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանում «կանաչ» և ներառական տնտեսության զարգացմանը՝ հիմնված մասնագիտական ուսուցման առաջխաղացման վրա, որն իր հերթին կազմում է մեր՝ «հմտություններ բիզնեսի և բիզնես՝ հմտությունների զարգացման համար» (Skills for Business and Business for Skills) ռազմավարության մասը:

«Մենք կարծում ենք, որ զեկույցի երկրորդ մասում զետեղված սոցիալ-տնտեսական վերլուծությունը կբարձրացնի թիրախային խմբին վերաբերող փաստերի, մարտահրավերների և հնարավորությունների մասին իրազեկվածությունը: Այն նաև կօգնի բացահայտել, թե ինչ է կատարվել մինչ այժմ և ինչ կարելի է դեռ անել տարբեր շահագրգիռ կողմերի հետ համատեղ՝ ի նպաստ սիրիահայերի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի»,- նշեց ԳՄՀԸ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը՝ խոսելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված ջանքերի կարևորության մասին:

Շնորհանդեսի առաջին մասի ընթացքում ՏՀԶԿ փորձագետները ներկայացրին ՀՀ տնտեսական զարգացման վերջին միտումները և միջնաժամկետ կանխատեսումները: Զեկույցի երկրորդ մասը նվիրված էր սիրիահայերի սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունների, Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման ներկա մակարդակի և առկա կարիքների շուրջ քննարկումներին:

ՏԶՀԿ-ի մասին. Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) տնտեսական և սոցիալական հետազոտությունների և քաղաքականությունների գնահատման աշխատանքներում մասնագիտացված ոչ առևտրային, անկախ կազմակերպություն է։Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներին` որակյալ հետազոտությունների իրականացման և տեղեկատվության ապահովման, հանրային քաղաքականությունների և ծրագրերի վերլուծության ու գնահատման, նախագծերի և առաջարկությունների մշակման, զարգացման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով:

ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի մասին. «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՀԿ) (11/2013 – 03/2020) իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ: Ծրագրի հիմնական նպատակներն են երկրում «կանաչ» և ներառական զարգացման նախապայմանների բարելավումը, ինչպես նաև մասնավոր հատվածում ընտրված արժեշղթաների և մասնագիտական կրթության և ուսուցման առաջխաղացումը: Հայաստանում ՄՀԶ ՀԿ-ին կից իրականացվում է ևս երկու ծրագիր՝ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) և Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում (ԵՄ համաֆինասավորմամբ):

Share