Բաժին. Տնտեսական

INVEST IN ARMENIA. 120 հա կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվելու են իրատեսական բիզնես-նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝ կիսափակ ջերմոցային համալիրի կառուցում

Պահանջվող ներդրումներ՝ $139,900,000

Շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)` 11%

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Նորագավիթում, 120 հա ընդհանուր տարածքի վրա կառուցել կիսափակ ջերմոցային համալիր: Այն բաղկացած կլինի 3 առանձին ջերմատներից, որոնցից յուրաքանչյուրը կունենա առանձին տեխնիկական բլոկ (պահեստ, փաթեթավորման բաժին և այլն): Ջերմատները կունենան կաթիլային ոռոգման, ջեռուցման, սառեցման, օդափոխության և ավտոմատացված վերահսկողության համակարգեր: Ջերմոցային համալիրի կառուցման և շահագործման համար նախատեսվում է օգտագործել Երևան ՋԵԿ-ի էներգետիկ ռեսուրսները: Հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները՝ նախատեսվում է ջերմատներում աճեցնել լոլիկ: Ներդրումային նախագծի իրականացման արդյունքում լոլիկի առաջին բերքի ստացումը նախատեսվում է արդեն 2018 թվականի փետրվարին:

Կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ֆրանսական Richel Group ընկերության առևտրային և տեխնիկական առաջարկները: Այս ընկերությունն ունի համանման ներդրումային նախագծերի իրականացման ավելի քան 50 տարվա միջազգային փորձ: Ընկերությունը տարեկան կառուցում է շուրջ 250 հա ջերմատներ՝ աշխարհի տարբեր անկյուններում:

2014-2015թթ. Հայաստանում Richel Group ընկերությունը կառուցել է 47 հա բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ:

Նորագավիթում 120 հա կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share